Բրիտանացիների և ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է, որ ԵՄ–ն ֆինանսավորի Ուկրաինային
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպացիների կեսից ավելին ավելորդ է համարում շարունակել ֆինանսական օգնության ցուցաբերումը ուկրաինական տնտեսությանը, դրան դեմ են հատկապես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բնակիչները, վկայում են Research–ի հարցման տվյալները, որն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի համար։
Ուսումնասիրությունն անցկացվել է 2014թ.–ի դեկտեմբերի 5–17–ը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հարցմանը մասնակցել է 3013 մարդ (1001 մարդ Մեծ Բրիտանիայում, 1001 Գերմանիայում, 1011 Ֆրանսիայում)։ Յուրաքանչյուր երկրում տվյալների համար վստահելի միջակայքը +/- 3,1% է` 95 տոկոս վստահելի հավանականությամբ։
Հարցված երկրների բնակչության 55 տոկոսը կարծում է, որ Եվրամիությունն այլևս չպետք է գումար հատկացնի Ուկրաինային օգնելու համար, և միայն մեկ երրորդն է (35 տոկոս) կողմ արտահայտվել ֆինանսական օգնության ծավալների ավելացմանը։ Այս տարվա մայիսից ԵՄ–ի կողմից Ուկրաինային տրամադրվող մակրոֆինանսական աջակցության երկու ծրագրերի շրջանակում (1,6 մլրդ եվրո) արդեն հատկացվել է 860 մլն եվրո։
Միաժամանակ երկրների կտրվածքում կարծիքներն էապես տարբերվում են, վկայում են հարցման տվյալները։
Մասնավորապես, Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում առավել լոյալ են տրամադրված Գերմանիայի բնակիչները, որտեղ հարցվածների 55 տոկոսը կողմ է արտահայտվել ֆինանսական հատկացումների ավելացմանը, դեմ է 39 տոկոսը։
Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում մեծամասնությունը դեմ է հետագա ֆինանսական օգնությանը, համապատասխանաբար 59 և 66 տոկոսը բացասական պատասխան են տվել հետագա ֆինանսավորման մասին հարցին։
Հատկանշական է, որ այս հարցում չկողմնորոշված մարդկանց տոկոսը շատ փոքր է, Մեծ Բրիտանիայում հարցվածների 14 տոկոսը պատասխանել է, որ չի որոշել, թե ինչպես է վերաբերվում ԵՄ–ի կողմից Ուկրաինայի տնտեսության ֆինանսավորմանը, Գերմանիայում «չգիտեմ» է պատասխանել հարցվածների միայն 6 տոկոսը, Ֆրանսիայում` 10 տոկոսը։
ICM Research–ի հարցման արդյունքներով` եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն լուծի Ուկրաինայի ճգնաժամը, եվրոպացիների մոտ մեկ քառորդը կարծում է, որ ԵՄ–ն ինքն է որոշում ընդունել պատժամիջոցների մասին։ Գերմանացիների 40 տոկոսը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղյալ հայտարարելուն։ Բրիտանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների գրեթե կեսը ցանկանում են տեսնել ավելի անկախ ԵՄ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:23 22.12.2014