Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀԱՊԿ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հստակ հայտարարված է. Բորդյուժա

30.01.2015, 15:50
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հստակ հայտարարված է, ուրբաթ լրագրողներին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ՀԱՊԿ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հստակ հայտարարված է. Բորդյուժա
ՄՈՍԿՎԱ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հստակ հայտարարված է, ուրբաթ լրագրողներին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«2014 թվականին ՀԱՊԿ–ն իր հայտարարություններում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, այդ թվում` Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով»,– ասել է նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
 
Բացի այդ, Բորդյուժայի խոսքով, ինքն այցելել է սահման, այդ թվում` Հայաստանի ԶՈՒ` սահմանում գտնվող որոշ ստորաբաժանումներ, ինչից հետո խնդիրները քննարկվել են Հայաստանի նախագահի հետ։
 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ խնդիրը քննարկվել է նաև անցյալ տարվա ամռանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Սոչիում։ «Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ ՌԴ–ի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահն էր»,– ընդգծել է Բորդյուժան։

Ըստ նրա` Կազմակերպությունն այդ հարցում չի կարող արձագանքել ռազմական մեթոդներով, քանի որ դա հակասում է Հավաքական անվտանգության խորհրդի հիմնական գործառույթին, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվում է բացառապես խաղաղ միջոցներով, նախևառաջ, ուժի չկիրառման հիման վրա։

«Այդ պատճառով էլ կարծում եմ, որ և Կազմակերպության, և պետությունների ղեկավարների արձագանքը բավարար էր, հստակ հայտարարված էր արտաքին գործերի նախարարների կողմից, ընդ որում` բազմիցս»,– ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Խոսելով այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ վերջին դիվերսիոն գրոհներն ուղղված էին հենց Հայաստանի դեմ, ինչի հետևանքով զոհվել են հայ զինծառայողներ, Բորդյուժան ասել է. «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը, ինչպես ենք մենք ճիշտ համարում լուծել այդ խնդիրը, և կարծում եմ, որ դրանք բավականին լուրջ ու ծանրակշիռ հայտարարություններ են, որոնք արտահայտում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կարծիքը»։

Հունվարի սկզբից ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակը կտրուկ սրվել է։ Գրեթե ամեն օր հաղորդումներ են ստացվում կրակոցների, այդ թվում, ականանետներով գնդակոծումների, ինչպես նաև դիվերսիաների փորձերի և կորուստների մասին, այդ թվում` հայկական կողմից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-