Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին` զերծ մնալ լարվածության ուժգնացումից

14.12.2012, 14:44
Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Մլադենովը կոչ արեց ղարաբաղյան հակամարտության կողմերին` զերծ մնալ լարվածության ուժգնացումից:
Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին` զերծ մնալ լարվածության ուժգնացումից
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Մլադենովը կոչ արեց ղարաբաղյան հակամարտության կողմերին` զերծ մնալ լարվածության ուժգնացումից:

«Վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի անտեղի լարվածություն էր ստեղծվել: Կոչ եմ անում կողմերին` զերծ մնալ ցանկացած սադրիչ հայտարարությունից»,- ուրբաթ Երևանում ասաց Մլադենովը Շվեդիայի, Լեհաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ համատեղ ճեպազրույցում:

Նա հույս հայտնեց, որ Բաքվում և Երևանում կայացած քննարկումների արդյունքում  լարված իրավիճակը մեղմելու հեռանկարներ կլինեն:
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին կոչ արեց հակամարտության կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը:

«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից ենք»,- ընդգծեց Սիկորսկին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-