Բուլղարիայի, Սերբիայի և Ավստրիայի բնակիչները պատմել են «Հարավային հոսքի» նախագծի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Sputnik.Կարծիքներ» հերթական միջազգային հարցումը, որն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ICM Reseacrh բրիտանական հետազոտական ընկերության կողմից, ցույց է տվել Բուլղարիայի, Սերբիայի և Ավստրիայի բնակիչների վերաբերմունքը «Հարավային հոսք» նախագիծը չեղյալ հայտարարելու նկատմամբ։ Հարցվածների կարծիքով` «Հարավային հոսք» գազատարի կառուցումը շարունակելու որոշումը պետք է ընդունեին նախագծի մասնակից երկրները։ Միաժամանակ հարցվածների կեսից ավելին կարծում է, որ նախագծի չեղյալ հայտարարումը կարող է բացասաբար ազդել ազգային տնտեսության վրա։
«Ինչպե՞ս կազդի, ձեր կարծիքով, «Հարավային հոսք» նախագծի չեղյալ հայտարարելը ձեր երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա» հարցին հարցվածների գրեթե կեսը (56%) պատասխանել է, որ նախագծից հրաժարվելը բացասական հետևանք կունենա։ Միաժամանակ, Բուլղարիայում և Սերբիայում այդպիսի գնահատականի հետ համաձայն են հարցվածների երկու երրորդից ավելին, համապատասխանաբար, 64 տոկոս և 61 տոկոս։ Ավստրիայում այդ կարծիքը կիսում է հարցման մասնակիցների միայն 38 տոկոսը, իսկ հարցվածների կեսը կարծում է, որ գազատարի կառուցման չեղյալ հայտարարելը չի ազդի երկրի տնտեսության վրա։
«Ով, ձեր կարծիքով, պետք է ասի վերջին խոսքը «Հարավային հոսք» գազատարի կառուցումը շարունակելու մասին որոշման հարցում` Բուլղարիան/Սերբիան/Ավստրիան թե Եվրահանձնաժողովը» հարցին հարցվածների գրեթե կեսն ասել է, որ նախագծի դադարեցման մասին վերջնական որոշումը պետք է ընդունի նախագծի անդամ երկիրը։ Միայն յուրաքանչյուր երրորդն է համարում, որ դա Եվրահանձնաժողովի լուծելու հարցն է։ «Հարավային հոսքի» ճակատագրի վերաբերյալ որոշումների ընդունման լիազորությունների գնահատման մեջ ամենից շատ տարակարծիք են Բուլղարիայի և Ավստրիայի բնակիչները։ Բուլղարիայում միայն 23 տոկոսն է կարծում, որ վերջին խոսքը պետք է լինի Բրյուսելինը։ Մինչդեռ Ավստրիայում այդ կարծիքին է հարցվածների կրկնակի տոկոսը։
Հետազոտությունն անցկացվել է 2015 թվականի հունվարի 12–ից 30–ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում, երեք հազար մարդու շրջանում (հազարական մասնակից յուրաքանչյուր երկրում)։ Ընտրությունը կատարվել է ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։
Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:16 18.02.2015