ԲՀԿ առաջնորդը մտադիր է հասնել նախագահի հրաժարականին և համազգային մոբիլիզացիայի կոչ է արել

ԲՀԿ առաջնորդը մտադիր է հասնել նախագահի հրաժարականին և համազգային մոբիլիզացիայի կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուրբաթ կուսակցության  քաղխորհրդի, խմբակցության և մարզային ստորաբաժանումների համատեղ նիստի ընթացքում հայտարարել է, որ մտադիր է հասնել նախագահի հրաժարականին և համազգային մոբիլիզացիայի կոչ է արել։

Հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստի ժամանակ` Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։

ՀՀ նախագահը նաև հանձնարարել է բացահայտել խորհրդարանի նիստերից Ծառուկյանի սիստեմատիկ բացակայության պատճառները։ 2013–2014 թթ.–ին տեղի ունեցած Ազգային ժողովի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդն իր հայտարարության մեջ նշել է, որ երեկվանից երկրում ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում։ Նա համոզմունք է հայտնել, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:

«Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։ Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը», – ասել է Ծառուկյանը։

Նա նշել է, որ իր կուսակցությունն իրականացնելու է շատ հստակ ու հաշվարկված քայլեր։ Ծառուկյանը պայքարի կոչ է արել։

«Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից»,  – ասել է Ծառուկյանը։

Նրա խոսքերով` իր կյանքի ամենամեծ գործն այժմ «համարում է չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»։

Սարգսյանը տեղեկացրել է, որ ուրբաթ կանցկացվի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ իրավապահ մարմինների հետ կքննարկվի Ծառուկյանի կողմից քրեական հանցագործությունները թաքցնելու մեխանիզմների ստեղծման մասին խոսակցությունների ստուգման հարցը։

Նախորդ շաբաթ հասարակական ուժերի համաժողովի ժամանակ Ծառուկյանը քննադատել է իշխանություններին` հայտարարելով հաջորդ ընտրություններին իշխանափոխության անհրաժեշտության մասին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ–ն 2007–2012թթ.–ին ներառվել է իշխող կոալիցիայի կազմում։ Հիմա այն հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:55 13.02.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×