Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է. ՀՀ նախագահ

24.04.2013, 10:57
Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է, նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տրամադրել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է, նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տրամադրել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ոմանք մեզ առաջարկում են «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ»: Մեր պատասխանը նման հորդորներին հետևյալն է՝ Օրհան Փամուկին և Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է և հրատապ»,– նշվում է ուղերձում։

Նախագահն ընդգծել է, որ «այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ»։

«Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած հոգևոր-մշակութային արժեքներ, որոնք, լինելով ազգային՝ հայկական, որպես արվեստի ստեղծագործություններ և քաղաքակրթական նվաճումներ՝ ունեին նաև համաշխարհային նշանակություն: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած նյութական արժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական պետության և նրա բնակչության կողմից: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը և իրավունքը»,–նշվում է պետության ղեկավարի ուղերձում։

Դիմելով հայրենակիցներին` Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է նորոգելու հայերի ուխտը՝  հավատարիմ լինել Հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է և բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը:

«Եվ մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը»,– ասվում է նախագահի ուղերձում։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-