Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Չի կարելի ԱՊՀ–ում ինտեգրվելը համեմատել «խորհրդայնացման» հետ. Կրեմլ

19.12.2012, 17:29
ԱՊՀ–ում ինտեգրումը խորհրդայնացման փորձերի հետ նույնացնել կարող են միայն նրանք, ովքեր ոչինչ չեն հասկանում հետխորհրդային տարածքում կատարվող իրադարձություններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ–ում ինտեգրումը խորհրդայնացման փորձերի հետ նույնացնել կարող են միայն նրանք, ովքեր ոչինչ չեն հասկանում հետխորհրդային տարածքում կատարվող իրադարձություններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Financial Times թերթը, մեջբերելով պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքը, գրել է, որ ԱՄՆ–ն դժգոհ է նախկին ԽՍՀՄ տարածքում «խորհրդայնացմամբ», և Վաշինգտոնն իբր չի ողջունում տարածաշրջանում առևտրային, տնտեսական և պաշտպանական դաշինքների ստեղծումը։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, ում լրագրողները խնդրել են մեկնաբանել այդ հայտարարությունները, նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատի է ունեցել, որ երկու երկրների միջև երկխոսությունն առավելագույնս պրագմատիկ կլինի, իսկ համագործակցությունը կզարգանա այն ոլորտներում, որոնք բավարարում են փոխադարձ շահերը։

«Աշխարհում տնտեսության այսօրվա մրրկայնության, անկանխատեսելիության, գոնե միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումների անհնարինության պայմաններում, աշխարհում, որտեղ մշտապես տարածվում է ճգնաժամի հոտը, դա ինտեգրման, ինտեգրացիոն գործընթացների միտում է»,– ասել է Պեսկովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այդ պատճառով նախկին Խորհրդային Միության տարածքում հասունացող այս բնական գործընթացները համադրել խորհրդայնացման փորձերի հետ, նշանակում է չհասկանալ այն, ինչ կատարվում է նախկին Խորհրդային Միության տարածքում»,– նշել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ըստ նրա, դա կամ սխալ ըմբռնման, կամ ոչ հավաստի տեղեկություն ունենալու, կամ երկակի ստանդարտների դրսևորման դասական օրինակ է։ «Սա այդ երեքից մեկն է, բայց ցանկացած դեպքում չի համապատասխանում իրականությանը»,– ասել է Պեսկովը։

Նա նշել է նաև, որ այդպիսի հայտարարությունը կարող է վկայել պատմության գործընթացների անդառնալիությունը չգիտակցելու մասին։

«Դա նշանակում է չհասկանալ նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր երկրի, անդամ պետություններից յուրաքանչյուրի` բացարձակապես նոր սկզբունքներով միավորման նոր ձևերի անցնելու նպատակահարմարությունը, որովհետև նախկին Խորհրդային Միության սկզբունքներով միավորումն արդեն անհնար է»,– ասաց Պեսկովը։

«Այդ ամենը կարելի է լսել ժպիտով և ցավով նշել, որ նյութերն, ամենայն հավանականությամբ, պատշաճ կերպով չեն պատրաստել»,– ավելացրել է նախագահի մամուլի քարտուղարը։ -0-