ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության խնդրում առաջընթացի բացակայությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի անվտնագության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում առաջընթացի բացակայությամբ:
«Աճող մտահոգություն կա, քանի որ ինչ-որ բան անելու անհնարինությունից ավելանում է սրտնեղությունը», ասել է Զանիերը «ՌԻԱ Նովոստիին» Վիեննայում առաջին անգամ անցկացվող ԵԱՀԿ «Անվտանգության օրեր» (Security Days) համաժողովի շրջանակներում:
Ըստ Զանիերի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն արդեն 20 տարի զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ ձգձգվող հակամարտության կարգավորմամբ, «շատ լուրջ քաղաքական ջանքեր» է գործադրել: Նա նաև բարձր գնահատեց Դմիտրի Մեդվեդևի ջանքերը, որը ՌԴ նախագահի պաշտոնում եղած ժամանակ Սոչիում հանդիպում էր կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
«Կողմերը շատ մոտ էին նրան, որպեսզի համաձայնության գային ընդհանուր սկզբունքների վերաբերյալ, որոնց հիման վրա հետագայում լուծումը կկառուցեին,- ասել է Զանիերը,- սակայն առաջընթաց չկա»:
Ավելին, ԵԱՀԿ-ն նկատում է «միջադեպերի աճող միտում» ինչպես Ղարաբաղի շփման գծում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
«Անհանգստության պատճառներ կան: Մենք փորձեցինք մեխանիզմներ առաջարկել՝ վստահության ամրապնդման միջոցներ, հրադադարի խստացված ռեժիմ, միջադեպերի հետաքննման մեխանիզմ: Այս կամ այն պատճառով կողմերից մեկը արգելափակում է այդ նախաձեռնությունները: Ամեն ինչ չափազանց քաղաքականացված է՝ եթե մի կողմը համաձայնության է որևէ բանի հետ, ապա մյուս կողմը կարծում է, որ դա վատ նախաձեռնություն է: Ակամայից հարց է առաջանում՝ հարցը մեխանի՞զմն է, թե՞ կողմերը պարզապես պատրաստ չեն միջոցների, որոնք որոշակի փոխզիջում են պահանջում»:
Նման բարդությունների հետ կապված՝ ԵԱՀԿ-ն փորձում է ներկայումս աշխատել երկու երկրների խորհրդարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով պայմաններ ստեղծել, որոնց առկայությամբ կառավարությունների մոտ հակամարտությունը կարգավորելու հետաքրքրություն կառաջանա: «Գուցե հասարակական կարծիքի հետ աշխատանքը, հասարակության հետ աշխատանքը գործունեության կարևոր ուղղությունն է»,- ասել է Զանիերը:
«Անվտանգության օրերը» նոր բաց ֆորում է, որտեղ ԵԱՀԿ և այդ միջազգային կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները անվտանգության հարցերն են քննարկում փորձագիտական հանրության ներկայացուցիչների, լրագրողների և հասարակական ակտիվիստների հետ: --0--