ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրին Արցախում կայանալիք հանրաքվեի շուրջ իրենց դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել նախօրեին Մյունխենում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ երկկողմ, ինչպես նաև համատեղ հանդիպումներից հետո։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հանրաքվեի միջնորդները Ղարաբաղում
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գիտեն, որ Լեռնային Ղարաբաղում 2017 թվականի փետրվարի 20–ին նախատեսվում է, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի անցկացում։ Չնայած, որ միջնորդները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դե ֆակտո նման ընթացակարգի օգտագործումը դիտարկում են որպես սեփական բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու փորձ, սակայն կրկին ընդգծում են, որ երկրներից ոչ մեկը, այդ թվում` Հայաստանը և Ադրբեջանը, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20–ի հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակին առնչվող»,– նշվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։
Համանախագահներն ընդգծում են նաև, որ «հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան կարգավորման ամուր և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը»։
Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ինչպես նշվում է հայտարարությունում, միջոնդրները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում, ինչպես նաև հայ–ադրբեջանական սահմանում ընթացիկ իրավիճակը։ Համանախագահները կրկին ընդգծեցին, որ ղարաբաղյան հակամարտությունն այլընտրանք չունի, պնդելով, որ պատերազմը լուծման տարբերակ չէ, ինչպես նաև կոչ արեցին կողմերին զսպվածություն դրսևորել տեղերում, իսկ իրենց հանրային հայտարարություններում բնակչությանը նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի։
Համանախագահները նաև կոչ արեցին կողմերին խստորեն պահպանել 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը, որոնք ընկած են ռազմական գործողությունների դադարեցման հիմքում։ Միջնորդները հիշեցրին 2011 թվականի մայիսին Դովիլում ՄԽ համանախագահ երմրների նախագահների համատեղ հայտարարությունները, ընդգծելով, որ ուժի կիրառումն ավելի մեծ տառապանք և ավերածություն կպատճառի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից։
Համանախագահները կողմերի հետ քննարկեցին այն քայլերը, որոնք պետք է ընդունվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում 2016 թվականին ընդունված որոշումների իրագործման համար։
Միջնորդները հրավիրեցին նախարարների ուշադրությունը մեծ ճկունություն դրսևորելու և հնարավորինս շուտ ամուր կարգավորման հասնելու համապարփակ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությանը։
Օգտակար հումանիտար ժեստ
Համանախագահներն ընդունեցին, որ հայկական իշխանությունների` ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու որոշումն օգտակար հումանիտար ժեստ էր։
Հայտարարությունում նշվում է, որ նախարարները հաստատել են իրենց միջազգային հումանիտար պարւտավորությունները խստորեն պահպանելու հավատարմությունը, այդ թվում` 2010 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված Աստրախանի հռչակագրի հանձնառությունների մասով։
Հայտարարությունում նշվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել այս տարվա մարտին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–