ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել ցուցարարների խաղաղ հավաքների ազատության իրավունքը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքը կոչ է արել Հայաստանի իշխանություններին` հարգել Երևանի կենտրոնական հատվածում խաղաղ ցույցին մասնակցողների խաղաղ հավաքների ազատության իրավունքը, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, պարտավորվել է պաշտպանել և խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և պետք լիովին հարգի Երևանում ցուցարարների իրավունքները՝ այդ ազատությունն իրականացնելու համար», – ասել է Լինքը։
Նրա խոսքերով` իրավապահ մարմինների գործողությունների, այդ թվում՝ հարյուրավոր խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների կիրառումը և նրանց կալանավորումը լուրջ մտահոգություն են առաջացնում։
Ինչպես նշել է Լինքը, հավաքների ազատության մասին ԵԱՀԿ պարտավորությունները ոչ միայն երաշխավորում են խաղաղ հավաքների և ցույցի իրավունքը, այլ նաև պնդում են, որ այս իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է օրենքով սահմանված լինի և համահունչ լինի միջազգային չափանիշներին։
«Իրավապահ մարմինների պարտականությունն է օժանդակել խաղաղ հավաքների անցկացմանը և ոստիկանության ցանկացած միջոցառում պետք է լինի օրինական, անհրաժեշտ և համաչափ»– նշել է Լինքը։
Նրա խոսքերով` ուժի ավելորդ կիրառումը կամ չհիմնավորված կամ կամայական ձերբակալությունները պետք է անաչառ, բազմակողմանի և անհապաղ կերպով հետաքննել, որպեսզի պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այժմ ծառայողական քննություն է ընթանում ցուցարարներին ցրելու փաստով, և հասարակության համար շատ կարևոր է բացահայտել և պատժել նրանց, ովքեր չարաշահել են ծառայողական դիրքը։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։
Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:02 25.06.2015