Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է․ Փաշինյան

Այսօր, 11:45
Մենք  հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չէ, ասել է Փաշինյանը
ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/ՀՀ-ի համար ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է։

Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է, ի վերջո, Հայաստանը դուրս գալու ԵԱՏՄ–ից։

«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չէ, այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Դա ճաշակային որոշում է»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբ կգա այն պահը, որ գանք և հասնենք այդ կետին, որ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ որոշումը կկայացնենք։

Փաշինյանն անդրադարձել է նաև ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքի ընդունմանը և հայտնել, որ այն առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք և լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։

«Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չենք համապատասխանում, մենք չենք կարող ԵՄ անդամ դառնալ։ Հետևաբար, այդ ճանապարհին առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ–ին անդամագրվելու հարցով և այդ ժամանակ երկու տարբերակ կա. կամ մեզ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։

«Կարող է լինել այնպես, որ ԵՄ–ն չի ուզում այլևս ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունեն ԵՄ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք․ որովհետև եթե այդ պայմաններում մենք դառնանք ԵՄ անդամ, շատ լավ, եթե չենք դառնա, էլի շահած դուրս կգանք, որովհետև կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ Համբուրգից անմիջապես մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։