ԵՄ–ն կշարունակի օժանդակել Հայաստանին. Հրիստեա
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը կշարունակի օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։ «Թեև այսօր ԵՄ Խորհրդատվական խմբի վերջին նիստն է, այնուհանդերձ Հայաստանը կօգտվի Խորհրդատվական խմբի ստեղծած ռազմավարություններից և ծրագրերից»,– երեքշաբթի ասաց Հրիստեան։
Նոյեմբերի 11–ին կայացել է ԵՄ Խորհրդատվական խմբի 16–րդ և վերջին նիստը` Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի մասնակցությամբ։
Հրիստեայի խոսքով` խորհրդատվական խմբի աշխատանքների արդյունքները տարբեր ոլորտներում տպավորիչ են, մի շարք ձեռքբերումներ են գրանցվել։ Դրանց թվում նա նշեց Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր ստանալու կարգի դյուրացումը, մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի հաստատումը, Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, հեղինակային իրավունքների մասին օրենքների, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության շուրջ աշխատանքը։
«ԵՄ–ի` Հայաստանին աջակցելու գործողությունների` 2014-2017 թվականների ծրագիրը հիմնված է արդեն ունեցած ձեռքբերումների վրա, ինչպես նաև ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին, արտագաղթի և մարդու իրավունքների ոլորտներին»,– ասաց Հրիստեան։ Նա նշեց նաև, որ Հայաստանի հետ գործակցությունը շարունակվելու է, միայն թե իրենք սպասում են, Հայաստանի վերջնական անդամակցությանը Եվրասիական միությանը, որ Եվրամիության հետ գործակցության ուղիներն ավելի հստակեցվեն:
«Դա կարևոր է, որ մենք կարողանանք համակարգել մեր գործունեությունը և օրենսդրական պահանջները։ Ինչպիսին էլ լինեն Հայաստանի ձգտումները, բարեփոխումների ընթացքում մեզ համար կարևոր է, որ մենք հասկանանք, թե որ ուղղությամբ է շարժվում և ինչ որոշումներ է ընդունում Հայաստանը, ինչպես նաև տեսնենք այդ բարեփոխումների իրականացման արդյունքները»,– ասաց Հրիստեան։
Եվրամիության խորհրդատվական խումբը` 11 փորձագետների կազմով, Հայաստանում է աշխատում 2011 թվականի ապրիլի 1–ից և խորհրդատվություններ է տրամադրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրագործման, ինչպես նաև ժողովրդավարական և տնտեսական կառույցների ուժեղացման վերաբերյալ։ Հայաստանն առաջին երկիրն է, որի նկատմամբ կիրառվում են այս նորարարական մոտեցումները տեխնիկական օժանդակության նպատակով։
ԵՄ խորհրդատվական խումբը համագործակցում է Հայաստանի կառույցների հետ հետևյալ ուղղություններով` հակակոռուպցիոն ռազմավարություն, բարեփոխումներ հասարակական կառավարման, մարդու իրավունքների ոլորտում, դիվանագիտական ակադեմիայի ստեղծում, քաղաքական երկխոսություն, օժանդակություն Ազգային Ժողովին, ԵՄ–ի հետ «Ազատ առևտրի մասին համաձայնագրի» ստորագրման նախապատրաստում, պետական պարտքի կառավարում, բազմառանցքային կենսաթոշակային համակարգի մշակման օժանդակություն, պետծախսերի քաղաքականության արդյունավետության բարձրացում, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև իրավական համակարգի, այդ թվում` Ոստիկանության, դատախազության և իրավական ոլորտների բարեփոխումներ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:05 11.11.2014