Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ԵՄ–ի հետ Հայաստանի նոր բանակցությունները կմեկնարկեն Ռիգայի գագաթնաժողովին. պատգամավոր

18.04.2015, 16:49
ԵՄ–ի հետ Հայաստանի նոր բանակցությունները կմեկնարկեն Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում  ասաց հայկական խորհրդարանի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։
ԵՄ–ի հետ Հայաստանի նոր բանակցությունները կմեկնարկեն Ռիգայի գագաթնաժողովին. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ի հետ Հայաստանի նոր բանակցությունները կմեկնարկեն Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում  ասաց հայկական խորհրդարանի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։

Ավելի վաղ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Եվրամիությունը մտադիր են գործակցության համաձայնագիր ստորագրել Ռիգայի գագաթնաժողովում մայիսի 21-22–ին, որը կանցկացվի ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, որում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։

«Ակնկալվում է, որ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի և ԵՄ–ի միջև կստորագրվի փաստաթուղթ, որը մեկնարկ կտա նոր բանակցություններին»,– ասաց Պողոսյանը։

Ըստ նրա` կարող է հայտարարվել նաև հատուկ գործընթացի, մասնավորապես, վիզաների ռեժիմի ազատականացման, «բաց երկնքի» քաղաքականության համատեղ իրագործման կամ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի միանալու մասին։

«Հորիզոն-2020»–ը (Horizon 2020) Եվրոպական միության նորարարությունների և հետազոտությունների ծրագրեն են` 80 միլիարդ եվրո բյուջեով։

Ինչպես կարծում է քաղաքական գործիչը, բացի այդ ուղղություններից, կարող է հայտարարվել նաև բոլոր հնարավոր ոլորտներում գործակցության նոր բանակցությունների մեկնարկի մասին։ Նա ավելացրեց, որ ԵՄ–ի հետ համագործակցության ճանապարհին խոչընդոտներ չի տեսնում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության համատեքստում։

Պատգամավորը բարձր է համարում բանակցությունների հաջող ավարտի հավանականությունը, քանի որ բոլոր հնարավոր կողմերը նախապես քննարկվել են։

«Եթե չլինեն նոր աշխարհաքաղաքական փոփոխություններ, ապա հնարավորությունները բարձր են, և Հայաստանը կփորձի չկրկնել անցած սխալները` քաղաքական պայմանավորվածություններին զուգընթաց զարգացնելով հնարավոր բոլոր տնտեսական ծրագրերը»,– ասաց Պողոսյանը։

Պատգամավորը կարծում է, որ նոր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանը տնտեսական ոլորտում նոր արտոնություններ կարող է ակնկալել, առավել ևս, երբ ԵՄ–ի հետ ընդլայնված տնտեսական համաձայնագիր վերջերս ստորագրվել է Ղազախստանի հետ, որն արդեն վաղուց Եվրասիական տնտեսական միության անդամ է։ -0-