Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

22.04.2015, 10:41
Երևանում չորեքշաբթի մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը։
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում չորեքշաբթի մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը։

Երկօրյա ֆորումը կանցնի Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրների ավելի քան 600 ներկայացուցիչ։

Բացման խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն է:
 
Ֆորումին ելույթով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:

Գլոբալ ֆորումի շրջանակում կկազմակերպվի մի քանի նիստ։

«Միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացում» առաջին նիստի շրջանակում կքննարկվի միջազգային իրավունքում «մարդկության հանդեպ հանցագործության» կանխարգելման հայեցակարգի պատմական զարգացման գործընթացը և դրա զարգացման հնարավոր հեռանկարները։

Միջազգային հարաբերություններում առաջին անգամ «մարդկության հանդեպ հանցագործություն» արտահայտությունը հիշատակվել է 1915 թ.–ի մայիսի 24–ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ, որը վերաբերում է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ոչնչացմանը։

Մարդկության հանդեպ հանցագործության նոր սահմանումը դարձավ միջազգային իրավունքի հետագա զարգացման արդյունք, հատկապես Հոլոքոստից հետո։ Դա հանգեցրեց գոյություն ունեցող սովորական իրավունքի կոդիֆիկացման հայեցակարգի ճյուղավորմանը և այլ միջազգային քրեական հանցագործությունների հետ մեկտեղ` անձնական պատասխանատվության մեխանիզմների զարգացմանը։

«Պատասխանատվության խնդիրներն ու ցեղասպանության հետևանքների վերացումը» խորագրով երկրորդ նիստի շրջանակում կքննարկվեն պատասխանատվությանը, փոխհատուցմանը, իրավունքի և չկրկնվելու երաշխիքների վերականգնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այսօրվա դրությամբ գոյություն ունեցող դրական փորձն ու չլուծված խնդիրները։

Ցեղասպանության հանցագործության կանխման հիմնական միջոցը, ինչպես ցանկացած այլ իրավաբանական նորմ, պատասխանատվության արդյունավետ համակարգն է։

Ֆորումի աշխատանքի երկրորդ օրը կկազմակերպվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» լիագումար նիստը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–