Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

«Երևանի վերադարձի» մասին Ալիևի հայտարարությունները քննադատության չեն դիմանում. Պետդումայի պատգամավոր

26.03.2018, 18:21
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Երևանը վերադարձնելու» հայտարարությունը քննադատության չեն դիմանում պատմության և քաղաքականության տեսանկյունից։
 «Երևանի վերադարձի» մասին Ալիևի հայտարարությունները քննադատության չեն դիմանում. Պետդումայի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Երևանը վերադարձնելու» հայտարարությունը քննադատության չեն դիմանում պատմության և քաղաքականության տեսանկյունից։ Այդ մասին երկուշաբթի ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալԿոնստանտին Զատուլինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 10–ին «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության համագումարում Երևանն ու Զանգեզուրն անվանել է Ադրբեջանի պատմական հողեր և ասել, որ դրանց վերադարձն Ադրբեջանի ռազմավարական և քաղաքական նպատակն է։ Ավելի ուշ նա կրկնել է այդ հայտարարությունը։

«Ամենայն հավանականությամբ, Ալիևի հայտարարությունն արվել է ներքին սպառողի համար` հաշվի առնելով առաջիկա ընտրությունների գործոնը։ Հասկանալի չէ, թե ինչպես ինչ–որ մեկը կարող է դրան լուրջ վերաբերվել»,– ասաց Զատուլինը։

Ադրբեջանի նախագահը 2018 թվականի ապրիլի 11–ին արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել։ Նա համապատասխան հրահանգ է ստորագրել փետրվարի 5–ին։ Հերթական նախագահական ընտրություններն Ադրբեջանում պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերին։

Զատուլինը նաև ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, և ընդգծեց այդ բանակցություններում կողմերի հավասարակշռված քաղաքականության անհրաժեշտությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-