Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց։ Այդ մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքում հրապարակված նրա ուղերձից։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար»,– նշվում է Մարգարյանի խոսքում։
Քաղաքապետը նշել է, որ միասին անցած ճանապարհի ընթացքում ինքը փորձել է լսել քաղաքացիներից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել իր խոստմանն ու ծրագրերին հավատարիմ։
«Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»,– ասվում է ուղերձում։
Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու իր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին, Երևանում: 1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի #177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ.–ին Մարգարյանն ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ: 2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ.–ի մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2013թ. մայիսի 5-ին և 2017թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ:
2010թ.-ից ԵԿՄ վարչության և նախագահության անդամ է:
1996 թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թ.-ից ` ՀՀԿ խորհրդի անդամ: 1998-2011թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2012թ. -ից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: 2017թ.-ից Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողն է:
2012թ.–ին ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ: 2013թ.–ի դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով:
2014թ. փետրվարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2014թ. սեպտեմբերին ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:44 09.07.2018