Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայաստանի միացումը ԵՏՄ–ին լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում. ԵԱՀԿ ՄԽ առաջին համանախագահ

20.06.2014, 14:19
Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում, կարծում է ԵԱՀԿ ՄԽ առաջին (1992-1996 թթ.) ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Հայաստանի միացումը ԵՏՄ–ին լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում. ԵԱՀԿ ՄԽ առաջին համանախագահ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում, կարծում է ԵԱՀԿ ՄԽ առաջին (1992-1996 թթ.) ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին միանալ մինչև հունիսի 15–ը։ Միաժամանակ, ԵՏՄ–ին միանալու ավելի իրատեսական ամսաթիվ է համարվում հուլիսի 1–ը։

«Կարծում եմ, որ ուղղակի կապ չկա ԵՏՄ–ին Հայաստանի միացման և ղարաբաղյան հակամարտության միջև։ Դա նույնն է, որ աջ ձեռքով ձախ ականջդ քորես»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Կազիմիրովը։

Ըստ նրա, ԵՏՄ համատեքստում ավելի կարևոր են առևտրային և տնտեսական հարցերը։

«Այստեղ, անկասկած, ավելի գերակշռող է տնտեսական և առևտրային ոլորտը, որը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում երկրորդական գործոն է»,– նշեց նախկին համանախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-