Պատմական ճշմարտությունը պետք է Հայաստանի բնակչության լայն շերտերի վրա ազդեցության հիմնական ուղղությունը լինի. Կալինին

Պատմական ճշմարտությունը պետք է Հայաստանի բնակչության լայն շերտերի վրա ազդեցության հիմնական ուղղությունը լինի. Կալինին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բնակչության լայն շերտերի վրա ազդեցության բազմակողմ վեկտորներ կան, և հարկավոր է ձևավորել ու հավատարիմ լինել պատմական ճշմարտության ուղղությանը, ասել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը Երիտասարդ եվրասիական պատմաբանների ակումբի առաջին նիստի բացման ժամանակ։

«Այս տեսակետից նմանատիպ նիստերի անցկացումը չափազանց կարևոր է», – ասել է Կալինինը։

Նախագիծը կազմակերպվել է Արտասահմանի երկրների հետ տեղեկատվական և գիտական կապերի զարգացման «Հյուսիս–Հարավ» ռուսական քաղաքագիտական կենտրոնի կողմից` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Կալինինը ողջունել է նիստի մասնակիցներին ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի անունից և նշել, որ վերջին տարվա ընթացքում փոխգործակցության ակտիվացում է նկատվում ռուսական կառույցների և Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների միջև, այդ թվում անցկացվում են տարբեր միջոցառումներ, սակայն դրանք, Կալինինի կարծիքով, պետք է ավելի շատ լինեն։

«Միջոցառման հիմնական թեման Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակն է։ Արդեն ձևավորվել է ՌԴ դեսպանին առընթեր Հանրային խորհուրդ, մշակվում է Հաղթանակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը, որը ներառում է մոտ 70 միջոցառումներ, որոնք թույլ կտան ըստ արժանվույն նշել Հայաստանում այս մեծ իրադարձությունը», – նշել է Կալինինը։

Նրա խոսքերով` Հայաստանում 2015 թվականը  կարևոր է, քանի որ նշվում է  Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։

Երևանում փետրվարի 27–28–ն անցկացվող Եվրասիայի երիտասարդ պատմաբանների առաջին նիստն ուղղված է բանավիճային հարթակների ձևավորմանը ԵՏՄ երկրների և Համագործակցության մյուս պետությունների պատմական հանրության ներկայացուցիչների միջև` մասնագիտական հաղորդակցության զարգացման համար։

Ինչպես իր հերթին նշել է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլիա Յակուշևան, նիստը նվիրված է պատմական օբյեկտիվության վերականգնմանը։

««Հիշողության պատերազմների», պատմական երևույթների խեղաթյուրման և կեղծման դեմ հիմնական միջոցը մասնագիտական բաց բանավեճն է, ինչի համար էլ մենք հավաքվել ենք։ Ընդհանուր նախագիծն ուղղված է պատմական օբյեկտիվությունը վերականգնելուն` այդ ճշմարտությունը երիտասարդությանը փոխանցելու, պատմության կեղծմանը հակազդելու նպատակով», – ասել է նա։

Նրա խոսքերով` թեև ԵՏՄ–ն տնտեսական նախագիծ է, այն մեծ մասամբ հենվում է նաև պատմական–քաղաքակրթական հիմունքների, պատմական միասնության վրա։ Ընդհանուր հումանիտար տարածքի պահպանման համար, որն ավանդաբար գոյություն ունի Ռուսաստանի և Հայաստանի, հետխորհրդային տարածքի մյուս երկրների միջև, նրա խոսքերով, պատմական գործընթացի օբյեկտիվ ընկալում է հարկավոր։

«Սա նոր նախագիծ է մեր կենտրոնի համար։ Հաղթանակի 70–ամյակի տարում մենք որոշել ենք դիմել այնպիսի թեմայի, որը միավորում է հետխորհրդային տարածքի ժողովուրդներին, դա ընդհանուր պատմության թեման է», – ասել է Յակուշևան։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գոհունակությունը հայտնեց այն բանի կապակցությամբ, որ Հաղթանակի 70–ամյակի նախաշեմին Հայաստանում կազմակերպվում են նման միջոցառումներ։

«Գաղտնիք չէ, որ Երկրորդ աշխարհամարտի և մասնավորապես Հայրենական պատերազմի թեման շատ մոտ և ցավոտ թեմա է հայ ժողովրդի համար։ Մեզ համար Հայրենական պատերազմը Հայրենական էր այս բառի ողջ իմաստով», – ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով` դա բացատրվում է ոչ միայն նրանով, որ հայ ժողովրդի ավելի քան կես միլիոն որդիներ մասնակցել են այդ պատերազմին և նրանցից շատերը Խորհրդային բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ են, այլ նաև այն պատճառով, որ Ստալինգրադի ճակատամարտի ելքը որոշեց Գերմանիայի կողմից պատերազմում Թուրքիայի մասնակցության հարցը, ինչը հայ ժողովրդի համար կարող էր նշանակել 1915–23 թթ.–ի Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների կրկնություն։

«Որպես պատմաբան` ես ողջունում եմ նման միջոցառումները։ Առաջիկայում մենք նշելու ենք հաղթանակի 70–ամյակը համամոլորակային մասշտաբով, և այս տոնի նախաշեմին հարկ է նշել, որ պատմաբանները պետք է մեծ ծավալի աշխատանք կատարեն` իրականությունը մոլորությունից և առասպելներից առանձնացնելու, ձեռքբերումները, բացթողումներն ու սխալներն ուսումնասիրելու համար», – եզրափակել է Հովհաննիսյանը։

Նիստին մասնակցում են երիտասարդ մասնագետներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից։

Նիստի ծրագրով նախատեսվում է անցկացնել մի շարք բանավիճային միջոցառումներ, մասնագիտական վարպետության դասընթացներ, դասախոսություններ և «կլոր սեղաններ»` նվիրված Հայրենական պատերազմին։ Նիստի մասնակիցները կքննարկեն պատմական գիտության ներկան ու ապագան, Համագործակցության պետություններում Հայրենական պատերազմի և «հիշողության պատերազմի» կերպարը։

Ակումբի նիստի մասնակիցների առջև ելույթ կունենան հետազոտողներ, պատմաբաններ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից։ Գիտակների հայկական ասոցիացիայի աջակցությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, Ակումբի շրջանակում նախատեսված է կազմակերպել ինտելեկտուալ խաղ` նվիրված Հայրենական պատերազմի թեմային։

Ակումբի նիստեր կկազմակերպվեն նաև Բաքվում, Իրկուտսկում և Աստանայում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:48 27.02.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×