Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում. Օլանդ

12.05.2014, 13:30
Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում, ասել է Ֆրանսիայի  նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի նրանց բանակցությունների ավարտից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում. Օլանդ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում, ասել է Ֆրանսիայի  նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի նրանց բանակցությունների ավարտից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում։ Ֆրանսիան, իհարկե, չի կարող հակամարտության կողմերից որևէ մեկի կողմն անցել և միջնորդի իր ջանքերն է շարունակում հակամարտության կարգավորման ուղղությամբ», – ասել է նա։ «Ուզում եմ նշել, որ տարածաշրջան կատարած իմ այցն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն ուղղված է պետությունների կապերի ամրապնդմանը, որպեսզի տարածաշրջանի երկրներն իրենք կարողանան որոշել իրենց ապագան։ Դա վերաբերում է և Ադրբեջանին, և Ուկրաինային, և Հայաստանին, և Վրաստանին»,  ասել է Օլանդը։

Ալիևն իր հերթին նշել է, որ Օլանդի հետ հանդիպման ընթացքում «մենք լայնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։ «Հոսով եմ, որ համանախագահների միջնորդության դեպքում այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը։ Այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանը երբեք հնարավորություն չի ստեղծի իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծման համար», – ասել է Ադրբեջանի նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-