Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

«Ղարաբաղյան հարցի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ». Փաշինյան

14.02.2020, 14:28
«Ղարաբաղյան հարցի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ». Փաշինյան  
«Ղարաբաղյան հարցի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում իր ելույթի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի փորձագետի հարցին:

«Միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել: Եթե ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, դրանով ինքը հարցը ոչ թե կլուծի այլ, հակառակը՝ կխորացնի: Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին»,- նշել է նա:

Հիշեցնելով 2004թ.-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ անվտանգության մասին ոչ մի խոսք լինել չի կարող, եթե Ադրբեջանում մարդասպանին ոչ միայն ազատ են արձակում, այլև հերոսացնում են:

Վարչապետը նշել է, որ «անվտանգության գոտին», որի մասին հաճախ խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է առաջացել:

«Որովհետև երբ որ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից, տարիներով խաղաղ բնակիչները, երեխաները նկուղներից չեն կարողացել դուրս գալ: Երբ որ ասվում է «տարածք», մենք դա ընկալում ենք որպես «անվտանգություն»: Եվ նախ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը: Ո՞ր երկիրն է, որ պատրաստ է զիջել իր անվտանգությունը»,- ընգծել է վարչապետը:

«Այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան ու չեն եղել, և դրանց բացակայությունն է ստեղծել, այօսրվա իրավիճակը»,- խոսքը շարունակելով նշել է վարչապետը:

Փաշինյանը պարզաբանել է, այդ թվում, իր նախկինում արված հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:

«Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա»,- ասել է նա:-0-