Սարգսյան. «Հայոց ցեղասպանության 100–ամյակի օրը Թուրքիայի նախագահի այցը Հայաստան կախված կլինի նախագահի ընտրության արդյունքներից»
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100–ամյակի օրը Թուրքիայի նախագահի այցը Հայաստան կախված կլինի նախագահի ընտրության արդյունքներից, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27–ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի ապագա նախագահին 2015 թ.–ի ապրիլի 24–ին այցելել Հայաստան։
«Կժամանի՞, արդյոք, Թուրքիայի նախագահը Հայաստան, մենք կիմանանք կամ ընտրություններից հետո, կամ ապրիլի 24–ից մի քանի օր առաջ»,– ասել է Սարգսյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա միաժամանակ կասկած է հայտնել, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլա Գյուլն այդ հարցը քննարկելու հնարավորություն ունենա, քանի որ, ինչպես արդեն հայտարարվել է, նա մտադիր չէ մասնակցել նախագահի ընտրությանը։
Սարգսյանն ընդգծել է նաև, որ գնահատում է Գյուլին` որպես քաղաքական գործչի, քանի որ «նա խելացի է և հիանալի գիտակցում է իր երկրի իրական շահերը»։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:16 18.06.2014