Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Գյումրիում կլինի վերահաշվարկ տեխնիկական անճշտությունների պատճառով

31.03.2025, 15:47
Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ
Գյումրիում կլինի վերահաշվարկ տեխնիկական անճշտությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշել է թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Հանձնաժողովի նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում և արձանագրությամբ վավերացում:

Վերահաշվարկը հիմնականում տեխնիկական խնդրի պատճառով է:

«Հինգ տեղամասերում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի կողմից տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մեր կողմից վերահաշվարկ կարվի, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են»,-նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև այս տեղամասերից բացի, պատահականության սկզբունքով, վերահաշվարկ արվի նաև ևս երեք տեղամասում: 

Թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը, ժամը 11:00-ն», – ասել է նա։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել:

«Եղել է բողոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք: Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ Ոստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, ով բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում», – նշել է Ղազարյանը։

ԿԸՀ–ի նախնական տվյալներով, Գյումրու բոլոր 82 տեղամասերի արդյունքներից հետո ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -17 183

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -9 727

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 694

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ -2 902

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» – 651

«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ – 2 111

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 1 406

«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ – 7 380

«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 3 734

«Մայր Հայաստանն» ու «Իմ հզոր համայնքը» հայտարարել են, որ միանում են Վարդան Ղուկասյանին։