Գյումրիում վերսկսվեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գյումրիում վերսկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը:
Սպանության գործով դատական գործընթացը սկսվել է 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին 102-րդ ռազմակայանի տարածքում: Այդ պահից սկսած` անցկացվել է տասը նիստ: Ամբաստանյալը լիովին խոստովանել է մեղքը:
Վերջին դատական նիստի ընթացքում հրապարակվեց հոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` Պերմյակովի մոտ տվյալ ժամանակահատվածում խրոնիկական հոգեբանական խանգարման, ժամանակավոր հոգեբանական խանգարման, ինչպես նաև տկարամտության հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։
2015 թ.-ի օգոստոսին կայացած դասալքության գործով դատական գործընթացի ժամանակ Պերմյակովը խոստովանեց իր մեղքը և հայտնեց, որ զղջում է, սակայն հրաժարվեց դատավարության ժամանակ ցուցմունք տալ: Ռուսական կայազորային ռազմական դատարանը դատապարտեց նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենքի հափշտակության համար:
Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։
Հայաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի հոկտեմբերի 16–ին Պերմյայովին նոր մեղադրանքներ է առաջադրել։ Քննության տվյալներով, սպանությունն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ, անօրինական տուն ներխուժելու և գույքի հափշտակության հետ, ինչից հետո կատարվել է սահմանն ապօրինի հատելու փորձ։ Պերմյակովին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրվել «ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ», «պետական սահմանի հատման փորձ» հոդվածներով։ Նա իրեն առաջադրած բոլոր մեղադրանքներն ընդունել է։ -0-