Գյումրու ընտրություններին «Մայր Հայաստանն» ու «Իմ հզոր համայնքը» միացան ընդդիմադիր Վարդան Ղուկասյանին,

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքը և «Մեր հզոր համայնք» կուսակցությանը հայտարարել են, որ սատարում են ընդդիմադիր Վարդան Ղուկասյանին, ով ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ այս պահին կա հսկայական հնարավորություն, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի և իշխանազրկի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, որպեսզի վերջինս չկարողանա Գյումրիում համայնքի ղեկավար ընտրել։
Թևանյանը հիշեցրել է, որ իրենք հայտարարել են, որ հավակնում են առավելագույն ձայներին, որպեսզի ստանձնեն քաղաքի կառավարման պատասխանատվությունը, սակայն նաև նշել են, որ առանց որևէ պաշտոն ուզելու, կոալիցիոն բանակցությունների կամ աթոռակռվի սատարելու են այն ընդդիմադիր քաղաքական ուժին, որն ավելի շատ ձայներ կստանա։
Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ «Մայր Հայաստան»-ի ձայները բավարար չեն, որպեսզի կարողանան ՔՊ-ին իշխանությունից զրկել, ուստի գնդակը ընդդիմադիր մյուս ուժերի ձեռքում է, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը։
«Մենք առաջարկում ենք բոլորին վեր կանգնել անձնական ամբիցիաներից, մյուս ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում մտնել երկխոսության մեջ, մենք պատրաստ ենք դառնալ միջնորդն ու երաշխավոր այն պայմանավորվածությունների, որ կարող են ձեռք բերվել»,- ասել է Թևանյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը իր հերթին հայտարարել է, որ Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, պատրաստ է իր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։
«Քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին: Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է: Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս», – նշել է Մխիթարյանը։
Ընդդիմադիր մյուս ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Որպեսզի ընդդիմադիր ուժերը կարողանան Գյումրիում համայնքի ղեկավար ընտրել, անհրաժեշտ են լինելու նաև «Մեր քաղաքը» դաշինքի մանդատները։
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկության արդյունքներով առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (Սարիկ Մինասյան), որը հավաքել է 16 հազար 938 ձայն կամ ձայների 36,80 տոկոսը։ Երկրորդը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է (9537 ձայն կամ ձայների 20.71 տոկոսը, քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան)։ Երրորդը «Մեր քաղաք»-ը դաշինքն է՝ 7296 ձայն կամ ձայների 15.85 տոկոս (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան)։ Քվեարկության արդյունքներով 4-րդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան), որը ստացել է 3659 ձայն կամ ձայների 7.94 տոկոսը։ 5-րդ հորիզոնականում «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 2844 ձայն կամ ձայների 6.18 տոկոսը (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան)։
Քվեարկության նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։
Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոսը։