Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության համապարփակ պայմանագիրը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո. Նալբանդյան

17.02.2015, 16:43
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության համապարփակ պայմանագիրը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ երեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության համապարփակ պայմանագիրը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության համապարփակ պայմանագիրը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ երեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը»,– ԱԳՆ մամուլի ծառայությունը  մեջբերում է Նալբանդյանի խոսքը։

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների համատեղ հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Նրա խոսքերով` Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։

2014թ.–ի դեկտեմբերի վերջին Ստեփանակերտում դատավճիռ է ներկայացվել Ադրբեջանի երկու քաղաքացիների` Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի նկատմամբ, որոնք ԼՂՀ–ն մեղադրում էր դիվերսիա կազմակերպելու մեջ։ Ասկերովը դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։

«Վերջինների հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0