Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանը պետք է օգտագործի հնարավոր բոլոր ռեսուրսները Հայոց ցեղասպանության ընդունման համար. Րաֆֆի Հովհաննիսյան

24.04.2013, 16:17
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավոր ռեսուրսները, այդ թվում` քաղաքական, քարոզչական և դատաիրավական, – ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հայաստանը պետք է օգտագործի հնարավոր բոլոր ռեսուրսները Հայոց ցեղասպանության ընդունման համար. Րաֆֆի Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավոր ռեսուրսները, այդ թվում` քաղաքական, քարոզչական և դատաիրավական, – ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք պետք է կենտրոնացնենք Հայաստանի և Սփյուռքի բոլոր հնարավորությունները, դուրս գանք էժանագին կենացների և հռետորական արտահայտությունների հոսքից և, ի վերջո, անենք այնպես, որ երկու տարի անց կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք առանց նախապայմանների, կամ էլ Հայաստանն ինքը Թուրքիային իր պահանջները կներկայացնի»,– ասել է Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
Հովհաննիսյանի խոսքով, եթե Թուրքիան երկու տարի անց չդադարեցնի մերժողական քաղաքականությունը, չբացի սահմանները և քայլեր չձեռնարկի դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, ապա Հայաստանը Թուրքիային և միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինական պահանջներ կներկայացնի։

Նա միաժամանակ ավելացրեց, որ Հայաստանը պետք է փոխվի ներսից` դառնալով իրական ժողովրդավարական պետություն։

«Այդ դեպքում Հայաստանի պահանջներն ավելի խորը և արգասաբեր կլինեն»,– ասաց նա։

Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-