Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է ընդդիմություն դառնալ. Աշոտյան

04.05.2018, 12:25
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է ընդդիմություն դառնալ։ Այդ մասին The Washington Post–ին տված հարցազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է ընդդիմություն դառնալ. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է ընդդիմություն դառնալ։ Այդ մասին The Washington Post–ին տված հարցազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։

«Եթե Փաշինյանը դառնա վարչապետ, ապա ՀՀԿ–ն կդառնա ընդդիմություն։ Չնայած խորհրդարանական մեծամասնությանը` ՀՀԿ–ն, միևնույն է, իրեն կհամարի ընդդիմություն, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ գործակցության հնարավորություն չի տեսնում»,– ասել է Աշոտյանը։

Նա նաև բացառեց ՀՀԿ–ի ընդգրկումը նոր կառավարությունում։

«ՀՀԿ–ն չի լինի նոր կառավարության մաս։ Իմ անձնական տեսանկյունն այն է, որ Հայաստանում իշխանության եկած քաղաքական նոր ուժերի հետ գործակցության հնարավորություն չկա»,– նշել է Աշոտյանը։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–