Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի ԿԸՀ–ն հրապարակայնորեն փորձարկել է ընտրությունների ընթացքում ընտրողների անձնագրերի դրոշմակնիքի թանաքը

12.02.2013, 16:23
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեքշաբթի տեղի է ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերը կնքելու թանաքի փորձարկումը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայաստանի ԿԸՀ–ն հրապարակայնորեն փորձարկել է ընտրությունների ընթացքում ընտրողների անձնագրերի դրոշմակնիքի թանաքը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեքշաբթի տեղի է ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերը կնքելու թանաքի փորձարկումը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Լրագրողների, տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նախագահի թեկնածուների ներկայացուցիչների ներկայությամբ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը ցուցադրել է թանաքի որակը` անվավեր անձնագրերում կնիք դնելով։

Մուկուչյանը նշեց, որ դրոշմակնիքների թանաքի հրապարակային ցուցադրումն ուղղված է թանաքի որակի հետ կապված խարդախությունները բացառելուն։ Այդ թանաքի օգնությամբ ընտրողների անձնագրերում դրոշմակնիքներ են դրվում։

2012թ.–ի մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բողոքներ են ստացվել, որ թանաքի վատ որակի պատճառով դրոշմակնիքները ժամանակից շուտ են անհետանում ընտրողների անձնագրերից (թանաքը պետք է անհետանա կնիք դնելուց հետո 12 ժամից ոչ շուտ)։

Նշելով, որ մայիսյան խորհրդարանական ընտրությունների խնդիրները կապված են եղել թանաքի ոչ ճիշտ կիրառման, այլ ոչ թե որակի հետ, Մուկուչյանը տեղեկացրեց, որ ամեն դեպքում ԿԸՀ–ն այդ խնդրով դիմել է թանաք արտադրող կազմակերպությանը։

«Մենք ընտրությունների համար նախատեսված թանաքը ձեռք ենք բերել նույն բրիտանական կազմակերպությունից, քանի որ նման թանաք արտադրող այլ ընկերություններ չգիտենք։ Ընկերությունում հաշվի են առել բոլոր հանգամանքները, նույնիսկ հարցրել են վերջին 10 տարվա ընթացքում փետրվարին Հայաստանի կլիմայական պայմանների վերաբերյալ տվյալները»,– ասաց նա։

Մուկուչյանը հավաստիացրեց, որ այս ընտրությունների ընթացքում թանաքի հետ կապված ոչ մի միջադեպ չի լինի, քանի որ ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները` 16 հազար մարդ, հատուկ դասընթացներ են անցել, ինչպես նաև հատուկ ձեռնարկ է հրապարակվել թանաքի կիրառման մասին։

Ըստ նրա` Հայաստանում թանաքով 2200 սրվակ է ներմուծվել, յուրաքանչյուր ընտրատեղամասին մեկական սրվակ կհատկացվի, իսկ այն տեղամասերում, որտեղ շարժական քվեատուփեր կլինեն, երկու սրվակ կհատկացվի։

Ինչ վերաբերում է թանաքի արժեքին, Մուկուչյանը նշեց, որ ողջ տեղեկատվությունը կներկայացվի հետագայում` ԿԸՀ ֆինանսական հաշվետվություններում։

Լրագրողների ներկայությամբ ԿԸՀ անդամները կնքել են այն սենյակի դռները, որտեղ պահվելու են թանաքները։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—