Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի խորհրդարանը մտահոգություն է հայտնել Չեխիայի խորհրդարանական հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ

01.03.2013, 14:09
Հայաստանի խորհրդարանը մտահոգություն է հայտնել Չեխիայի խորհրդարանական հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ, հայտարարեց ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Հայաստանի խորհրդարանը մտահոգություն է հայտնել Չեխիայի խորհրդարանական հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի խորհրդարանը մտահոգություն է հայտնել Չեխիայի խորհրդարանական հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ, հայտարարեց ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Օրերս ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևին, հայտնել են, որ Չեխիայի արտաքին կապերի հանձնաժողովը փաստաթղթում դատապարտել է Խոջալուի «էթնիկ զտումները»։ Միաժամանակ, փաստաթղթում «ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Չեխիայի ԱԳՆ–ն փետրվարի 21–ին հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ կապ չունի բանաձևի նախագծի հետ։

«Ես արդեն պատասխան նամակ եմ հղել իմ չեխ գործընկերոջը` խորհրդարանի ստորին պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահին, նամակում արտահայտել եմ մեր ողջ մտահոգությունը` այս հարցի վերաբերյալ»,– ասաց  Զաքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում` միաժամանակ ավելացնելով, որ նամակում հստակ շարադրված է Հայաստանի դիրքորոշումը բանաձևի նախագծի վերաբերյալ։

Հայտնելով, որ նամակագրության տարածված ձևաչափը կարևոր դեր է խաղում պետությունների միջև ծագող մի շարք հարցերի լուծման ժամանակ` Զաքարյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ Չեխիան կպատասխանի նամակում արտահայտած դիրքորոշմանը։

Հանձնաժողովի ղեկավարը ավելացրեց, որ Հայաստանը ջանքեր կգործադիր, որ հետագայում կանխի Ադրբեջանի կողմից օտարերկրյա խորհրդարաններում հակահայկական քարոզչության ցանկացած փորձ։

«Մենք պատասխան ակցիաներ և քայլեր կձեռնարկենք, որ այդ հասարակություններում, բացի Ադրբեջանի կողմից տրամադրվող կեղծ տեղեկությունից, ներկայացվի նաև այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը»,– ասաց նա։

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պետք է անել: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը`հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Հայ բնակչության ջարդերը շարունակվել են նաև Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես, Բաքվում` 1990 թվականի հունվարին։ Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր է ժամանել ավելի քան 360 փախստական հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս մոտ 140 հազար էթնիկ հայեր արտագաղթել են ԱՊՀ երկրներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0