Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի նախագահական ընտրությունները կդառնան ամենաժողովրդավարականը երկրի ողջ պատմության ընթացքում. նախարար

16.01.2013, 18:53
Նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն Հայաստանում 2013 թվականի փետրվարի 18–ին, կդառնան երկրի պատմության ընթացքում ամենաժողովրդավարական ընտրությունները, չորեքշաբթի ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կդառնան ամենաժողովրդավարականը երկրի ողջ պատմության ընթացքում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն Հայաստանում 2013 թվականի փետրվարի 18–ին, կդառնան երկրի պատմության ընթացքում ամենաժողովրդավարական ընտրությունները, չորեքշաբթի ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները կդառնան ամենաանթերի և ժողովրդավարական ընտրությունները, և դրանք մի քանի քայլ առաջ կլինեն բոլոր նախորդ ընտրություններից»,– ասել է Թովմասյանը Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախընտրական խախտումների և կոռուպցիայի դեպքերի հետաքննության թեմայով կազմակերպած սեմինարի ընթացքում։

Նախարարը նշել է, որ անկեղծ և արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է երեք նախապայման, որոնց առկայությունն այսօր ավելի իրական է նախորդ ընտրությունների համեմատ։

Նա պարզաբանել է, որ խոսքը համապատասխան Ընտրական օրենսգրքի, հասարակության քաղաքական և իրավական մշակույթի որոշակի մակարդակի, ինչպես նաև իշխանությունների կամքի մասին է։

Թովմասյանն ընդգծել է, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքն իր որակով գերազանցում է արևմտաեվրոպական մի շարք երկրների համանման փաստաթղթերը, իսկ իշխանությունների ցանկությունը հաստատվում է ընտրական համակարգի բարեփոխումներով։

Նախարարն ավելացրել է, որ այսօր ամենօրյա բառապաշարից դուրս են գալիս «չարտոնված կամ արգելված հանրահավաք» արտահայտությունները, իսկ խոսքի ազատության սահմանափակման մասին անիմաստ է խոսել` հաշվի առնելով երկրում համացանցի տարածման մեծ մասշտաբները։

«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն այսօր անհրաժեշտ է Հայաստանին, երկրի քաղաքացիներին և ժողովրդին»,– ավելացրել է Թովմասյանը։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-