Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի նախագահն առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ չի ակնկալում

21.01.2013, 12:36
Հայաստանի նախագահն առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ չի ակնկալում, սակայն խորապես համոզված է, որ երկարաժամկետ հեռանկարում որևէ մեկին էլ ձեռնտու չի խնդիրը թողնել չկարգավորված։
Հայաստանի նախագահն առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահն առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ չի ակնկալում, սակայն խորապես համոզված է, որ երկարաժամկետ հեռանկարում որևէ մեկին էլ ձեռնտու չի խնդիրը թողնել չկարգավորված։

«Դա առաջին հերթին ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությանը, և ես վստահ եմ՝ նաև Ադրբեջանին։ Որովհետև ապրել մշտապես պատերազմի վտանգի առկայության պայմաններում՝ այնքան էլ հաճելի բան չի։ Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 88-ից մինչ հիմա՝ արդեն 25 տարի է՝ այդ վտանգի պայմաններում է ապրում։ Հաշվի առեք՝ այդպիսի վտանգ գոյություն ունի երեխաների համար, երիտասարդների համար՝ բոլորի, բոլորի համար։ Ուստի ես համոզված եմ, միանշանակ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է, որպեսզի օր առաջ կարգավորվի խնդիրը»,– Ազատություն Ռադիոյի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է նախագահը։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, և հեշտ ներդրումների հոսք, բնականաբար, չունի, չունի այլ միջոցներ, որպեսզի կարողանա զարգացնել տնտեսությունը։ «Այսինքն, մեր տնտեսությունը ինչքան բաց լինի, կոմունիկացիաները ինչքան զարգացած լինեն, այնքանով մեզ համար հեշտ կլինի։ Իսկ խնդրի չկարգավորված լինելը մշտապես խոչընդոտում է այս հանգամանքներին»,– ասել է նա։

Միաժամանակ նախագահը նշել է, որ կա շատ ավելի առարկայական մի խնդիր՝ Հայաստանը իր սուղ միջոցներից մեծ բաժին է հանում անվտանգությանն ու պաշտպանությանը։ «Մենք ուղղակի պարտադրված ենք՝ պարտադրված ենք ունենալու բանակ, որ իր չափերով չի համապատասխանում մեր պետության չափերին, ավելին ասեմ՝ իր մարտունակությամբ և սպառազինությամբ չի համապատասխանում մեր պետության չափերին։ Բայց մենք պարտադրված ենք ունենալու մարտունակ  բանակ՝ ժամանակակից սպառազինությամբ, այդ թվում նաև այն քանակով, այն չափսի, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրած խնդիրները»,– ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նա նշել է, որ այսօր էլ համարում է, որ օր առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա։

«Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս։ Որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ  է նաև Ադրբեջանի համաձայնությունը»,– ասել է նախագահը։

Ըստ նրա` Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրատեսության զգացողությունը։ 

«Հեշտ փողերը, նավթադոլարները դրական ազդեցություն չեն ունենում այդ երկրի ղեկավարության վրա, և նրանց ախորժակը գնալով այնքան է մեծանում, որ այլևս չեն բավարարվում Լեռնային Ղարաբաղը իրենցը համարելով, նրանք արդեն համարում են, որ Հայաստանն է ստեղծվել ադրբեջանական հողերի վրա, նրանք արդեն համարում են, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է։ Եվ դա ասում է մի երկրի նախագահ, որը իր ինքնաանվանումը ստացել է ընդամենը 100 տարի առաջ։ Մենք շուտով նշելու ենք Երևանի 2800-ամյակը։ Էդպիսի պայմաններում ակնկալել, որ վաղը-մյուս օրը մենք արդյունքի ենք հասնելու, այդպիսի պայմաններում ակնկալել, որ նույնիսկ ինչ-ինչ մի հրաշքով մեզ հաջողվի մի փաստաթուղթ ստեղծել, և մենք ապահովելու ենք երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ ուղղակի իրատեսական չէ»,– ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նա համարում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող այնքան անհեռատես լինել, որ գնա նոր արկածախնդրության։  «Վերջ ի վերջո, ընդամենը մեզ 20 տարի է բաժանում Ադրբեջանի կոպտագույն սխալից, երբ որ նրան թվաց, թե շատ հեշտ, հանգիստ, խաղալով, երգելով կարող են գրավել Լեռնային Ղարաբաղը և դրանով վերջնականապես լուծել այդ խնդիրը։ Կա մեկ այլ հանգամանք։ Այսօրվա այդ միջոցները, պարզ է, որ արդյունք են էներգակիրների վաճառքի, իսկ այդ էներգակիրները վաճառվում են միջազգային հանրությանը, իսկ միջազգային հանրությունը վերջերս մի քանի անգամ՝ ո՛չ մի անգամ, ապացուցեց, որ տարբեր որոշումներ ընդունելու ժամանակ միշտ չէ, որ էներգակիրների առկայությունը որոշիչ դեր է խաղում»,– ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նա ավելացրել է, որ մշտապես պետք է պատրաստ լինել պաշտպանելու ժողովրդին, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այնուհետև՝ Հայաստանի սահմանամերձ, և ընդհանրապես՝ Հայաստանի բնակչությանը։

«Ուստի մենք շարունակելու ենք ամրապնդել մեր զինված ուժերը, մենք շարունակելու ենք լինել կառուցողական, մենք միշտ պատրաստ ենք լինելու շարունակելու բանակցությունները, որովհետեւ այլընտրանքը պատերազմ է, իսկ ինչպես ասացի՝ մենք չենք ցանկանում պատերազմ, բայց եթե ստիպված լինենք պատերազմել, ապա կարծում եմ, որ մենք երբեք մեր ընկերների, մեր նահատակների մեր զոհված հերոս ընկերների գործը չենք տապալի»,–ասել է նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-