Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից չարժե առաջընթաց սպասել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ կայանալիք հանդիպումից առաջընթաց սպասել բարդ է, դրա համար նախադրյալներ չկան, ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն օգոստոսին հայտնեց, որ համանախագահներն աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ուղղությամբ։
«ԱԳՆ ղեկավարների սպասվող հանդիպումը, ըստ էության, երկու կողմերի` էապես փոփոխություն չկրած մոտեցումները հստակեցնելու հերթական փորձ է։ Այդ դեպքում մենք դժվար թե կարողանանք առաջընթաց գրանցել ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ»,– երեքշաբթի ասաց Մարկարովը մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, տվյալ հանդիպումից սպասելիքները նույնն են, ինչ որ նմանատիպ բոլոր նախորդ հանդիպումներից, երբ կողմերը հերթական անգամ հաստատել են տվյալ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամություն և սպասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես կգան որպես կարգավորման միջնորդներ։
Քաղաքագետն ավելացրեց, որ սխալ է կողմերից սպասել հակամարտության նոր լուծումներ։ -0-