Հայաստանի պետական բյուջեն կարող է թերակատարվել մինչև 75 միլիարդ դրամով. թերթ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեի թերակատարումը 2016 թ.-ի արդյունքներով կարող է կազմել 75 մլրդ դրամ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Պարբերականի համաձայն, ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն, այս տարվա առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 695.2 միլիարդ դրամ, և անցած տարվա նույն ժամանակահատվածում հավաքվել էր ճիշտ նույնքան:
«Մինչև տարեվերջ հարկային եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ, որ պետական բյուջեն կատարվի: Այսինքն, առաջիկա 4 ամիսների ընթացքում պետք է հավաքագրվի ևս 434 միլիարդ դրամ, կամ ամսական միջինը 108 միլիարդ դրամ: Սա անհավանական է թվում: Անցած տարվա նույն ամիսներին հավաքագրվել է 368 մլրդ, կամ ամսական միջինը 92 միլիարդ դրամ», - նշում է թերթը:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, եթե նույն միտումները պահպանվեն (ինչը խիստ հավանական է և դա կլինի լավագույն սցենարը), ապա 2016 թվականի բյուջեի հարկային մուտքերը կթերակատարվեն մոտ 66 միլիարդով: Սակայն ավելի իրական է թվում, որ թերակատարումը կարող է հասնել 72-75 միլիարդ դրամի: Նշենք, որ 2015 թվականի բյուջե հարկային եկամուտները թերակատարվեցին 72.4 միլիարդ դրամով»,- նշվում է գրառման մեջ: -0-