Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի ՊՆ–ն կոչ է անում Բաքվին զերծ մնալ լարվածության սրումից` նախազգուշացնելով հնարավոր հետևանքների մասին

02.08.2014, 14:35
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ լարվածության հետագա սրումից` նախազգուշացնելով հնարավոր հետևանքների մասին, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ՊՆ–ն կոչ է անում Բաքվին զերծ մնալ լարվածության սրումից` նախազգուշացնելով հնարավոր հետևանքների մասին
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ լարվածության հետագա սրումից` նախազգուշացնելով հնարավոր հետևանքների մասին, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա կատարած գրոհների հետևանքով, զոհվել են մոտ 15 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ։

 «Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները»,– ասվում է հայտարարությունում։ 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով: 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
 «Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները»,– ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-