Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայաստանի վարչապետը պարզաբանել է ՀՀԿ–ին միանալու իր որոշումը

24.11.2016, 12:20
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու դիմում ներկայացրեց։
Հայաստանի վարչապետը պարզաբանել է ՀՀԿ–ին միանալու իր որոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու դիմում ներկայացրեց, հայտնեց «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

Այդ մասին նա հայտարարեց երկրի կառավարության նիստից առաջ։ -0-

«Կարծում եմ, որ այս քայլը շատերի համար կանխատեսելի և տրամաբանական էր, բայց կցանկանայի պարզաբանել որոշումս։ Նախևառաջ, վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը»,– ասաց Կարապետյանը։

Երկրորդ, նրա խոսքով, յուրաքանչյուր կառավարություն պետք է քաղաքական հիմք ունենա, և ներկայից կառավարությունը, նախևառաջ, Հայաստանի հանրապետական կուսակցության կառավարությունն է։

«Երրորդ, եթե նույնիսկ հաշվի չառնվեն առաջին երկու կետորը, ոմանց մոտ կարող է տեսական հարց ծագել` ինչու՞ մենք չենք ստեղծում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեր քաղաքական հենքը, բայց կարծում եմ, որ դա չարդարացված քայլ կլիներ։ Ունենալով ղարաբաղյան խնդիր և երկրի անվտանգության սպառնալիք` մենք պետք է խուսափենք ցանկացած ապակայունացնող գործընթացից և զարգացումից»,– ասաց Կարապետյանը։

Որպես ևս մեկ պատճառ վարչապետը նշեց, որ իր կարծիքով ՀՀԿ–ի պես կուսակցությունը կարող է փոփոխություններ կատարելու քաղաքական հենք հանդիսանալ, քանի որ իրեն մոտ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ իր համար բազմաթիվ գաղափարակից մարդիկ կան։ 

«Չափազանց կարևոր է, որ ինձ վարչապետի պաշտոնին հրավիրելու ժամանակ և դրանից հետո իմ առջև դրվել են հետևյալ հիմնական խնդիրները` անհրաժեշտ են մեծ թվով փոփոխություններ երկրի սոցիալ–տնտեսական կյանքում, առավել ևս` պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք ինքներս մեզանից։ Այդ հարցը ՀՀԿ–ում բավականին հստակ է դրված` ներքին քննարկումները բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը թերևս ավելի սուր է, քան կարելի է պատկերացնել արտաքինից»,– ասաց Կարապետյանը։

Որպես հինգերորդ պատճառ վարչապետը նշեց, որ, ստանձնելով այս պաշտոնը, նա դարձավ փոփոխությունների նոր գործընթացի մասնակից` իր վրա վերցնելով պարտավորությունների բեռը։ Իսկ որպես վեցերորդ կետ նա նշեց, որ նոր իրավիճակում իր ընկերներից և համախոհներից շատերը նույնպես ցանկանում են դառնալ այդ գործընթացի մասնակիցներ` նոր ոգի հաղորդելով այդ շարժմանը։ 

«Պարտադիր է, արդյո՞ք, որ կառավարության անկուսակցական անդամները և իմ գործընկերներն անդամակցեն կուսակցությանը։ Ոչ մի պարտադրություն, դա նրանց անձնական գիտակցված և գաղափարախոսական որոշումն է»,– ասաց Կարապետյանը։ 

Որպես յոթերորդ պատճառ նա նշեց, որ, ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, ՀՀԿ–ն, ինչպես և մյուս կուսակցությունները, նույնպես միշտ արդյունավետ չի եղել, բայց ըստ նրա, ՀՀԿ–ն, գիտակցելով երկրի զարգացման և անվտանգության ապահովման իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոփոխություններ կատարել և ունի այդ ներուժը։

«Հաշվի առնելով այդ ամենը` ես որոշում կայացրի միանալ ՀՀԿ–ին»,– ավելացրեց Կարապետյանը։ -0-