Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի վարչապետը «ռեստարտ» տվեց կառավարությանը

23.06.2017, 15:27
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

Հայաստանի վարչապետը «ռեստարտ» տվեց կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

Նախօրեին ՀՀ ԱԺ-ն հավանության է արժանացրել կառավարության 2017-2022 թվականների ծրագրին, որը հստակ ժամկետներով բոլոր ոլորտներում զարգացման քայլեր և ուղղություններ է նախատեսում:

Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում մշակել միջոցառումների ցանկ` հստակ նախանշելով դրանց իրականացման ժամկետները և պատասխանատուներին, ինչպես նաև փոփոխություններ կատարել կառավարության ծրագրի գերակայություններում:

«Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեցօրյա նվազագույն աշխատանքային ռեժիմ, և ադապտացնում ենք ծրագիրը նախկին միջոցառումներին»,- նշեց Կարեն Կարապետըյանը:

Նա նշեց, որ կառավարությունը հստակ գիտակցում է, թե ինչ է անհրաժեշտ փոփոխել և մանրամասն ձևակերպել է դա իր ծրագրում:

«Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, մեր այսօրվա հանձնարարականներն ինտենսիվ ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»,- ասաց Կարապետյանը։

Նա նաև հանձնարարեց ամփոփել կառավարության գործունեությունն առաջին կիսամյակում, ընդհանրացնել բոլոր ոլորտների վիճակագրական տվյալները, այդ թվում ` նախատեսված ծրագրերի և ներդրումների իրականացումը:

 ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի հավանություն է տվել կառավարության 2017-2022 թթ ծրագրին։ -0-