Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Հայաստանին անհանգստացնում են Իրաքի եզդիների հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունները. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար

19.08.2014, 14:20
Հայաստանն անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների ու մարդկային զոհերի համար, նշվում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հայտարարության մեջ:
Հայաստանին անհանգստացնում են Իրաքի եզդիների հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունները. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների ու մարդկային զոհերի համար, նշվում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հայտարարության մեջ:

«Ազգային ու կրոնական փոքրամասնության և մասնավորապես Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, իսկ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար», - նշվում է Սաղաթելյանի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ հանրապետության նախագահը հանձնարարականներ է տվել Արտգործնախարարությանն ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու համար:

Սաղաթելյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահը վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանից մարդասիրական օգնության ծավալներն ավելացնելու հարցը, ինչին լուծում կտրվի օրերս:

«Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում հետևողականորեն աջակցելու է բարդ փորձության առաջ կանգնած եզդի ժողովրդին», - ասել է Սաղաթելյանը:

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մինչև վերջին ժամանակները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսին գլխավորել են հարձակումները Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ Հունիսի վերջին խմբավորումը հայտարարեց, որ Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «իսլամական խալիֆայություն» է ստեղծում:

ԱՄՆ-ն օգոստոսին սկսեց ավիահարվածներ ուղղել խմբավորման դիրքեր՝ հայտարարելով, որ պաշտպանում է Սինջար լեռան վրա սունիթ գրոհայինների ցեղասպանությունից թաքնվող քուրդ եզդիներին։ Օպերացիայի երկրորդ նշված նպատակն Էրբիլ քաղաքի և այնտեղ գտնվող ամերիկյան դեսպանության պաշտպանությունն է։

Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմաթիվ անգամ կոչ էր արել միջազգային կառույցներին և ողջ մարդկությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ անգործունեության դեպքում եզդիների նկատմամբ իրականցող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ հորդորելով պաշտպանել Իրաքի եզդիներին:

Եզդիները քուրդ ժողովրդի մի մասն են, ովքեր հատուկ կրոն են դավանում: Նրանք հիմնականում բնակվում են Իրաքում: Եզդիների կրոնը պարունակում է հեթանոսական, հնագույն հնդիրանական դավանանքի, հուդայականության, քրիստոնեության և իսլամի տարրեր:

Հայաստանում, որտեղ 60 հազար եզդի է բնակվում, եզդիերեն թերթ է հրապարակվում և ռադիոհաղորդում է հեռարձակվում: Հայաստանի մի շարք դպրոցներում դասավանդումն իրականացվում է եզդիերեն:-0- Ա.Թ.