Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանն աջակցում է ՄԻԵԴ արդյունավետության բարձրացման բոլոր գործընթացներին. նախագահ

03.07.2013, 10:36
Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումն է, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանն աջակցում է ՄԻԵԴ արդյունավետության բարձրացման բոլոր գործընթացներին. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումն է, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանն ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ և ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով, Նախագահը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարևոր միջոցառումներից մեկի՝ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր ԵԽ ակտիվ անդամներից է, մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում՝ իր ներդրումը բերելով կազմակերպությունում ընթացող գործընթացներին և համաեվրոպական օրակարգային հարցերի ձևավորմանը։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ԵԽ անդամակցությունից 12 տարի անց ստանձնել կազմակերպության նախագահությունը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԻԵԴ դերը ԵԽ անդամ երկրներում բնակվող շուրջ 800 միլիոն մարդկանց իրավունքների պաշտպանության գործում:

ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, ուրախությամբ է փաստել, որ դա տեղի է ունենում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում: Նա գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ ունեցած արդյունավետ քննարկումների մասին:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի, եվրոպական կառույցների հետ մեր երկրի համագործակցության և բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերվող աջակցության կարևորության, ինչպես նաև ՄԻԵԴ ընթացիկ գործունեության մասին:--0--