Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Սարգսյան. «Հայաստանն ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է»

17.03.2015, 17:57
Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացման խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։  
Սարգսյան. «Հայաստանն ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է»
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացման խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։  

«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է,մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել և իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ»,– ասել է Սարգսյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը:

Նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն էր տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն ՀՀ նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի: Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

«Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության և գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը», - ընդգծել է նա։

Սարգսյանը նշել է, որ Երևանը կարևորում է քաղաքացիների շփումները խթանելու և ԵՄ հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը:

«Ակնկալում ենք նաև խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում»,– ասել է երկրի ղեկավարը:

Նախագահի խոսքով` հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և Եվրոպական միության հետ խոր և ընդգրկուն օրակարգը:

«Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը»,– ասել է Սարգսյանը:

Երեւանում մարտի 17-ին մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան են ժամանել պատվիրակություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Արևելյան գործընկերության երկրներից:

«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության նախագիծն է, որն ուղղված է նախկին ԽՍՀՄ–ի վեց երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցմանը։ -0-