Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայաստանն էներգետիկ համագործակցություն է ակնկալում Թուրքիայից

20.06.2015, 17:55
Հայաստանը էլեկտրաէներգիայի ոլորտում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում է ակնկալում, հայտարարեց Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ շաբաթ օրը Երևանում ելույթ ունենալով ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ:
Հայաստանն էներգետիկ համագործակցություն է ակնկալում Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը էլեկտրաէներգիայի ոլորտում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում է ակնկալում, հայտարարեց Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ շաբաթ օրը Երևանում ելույթ ունենալով ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ:

Ինչպես նշում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը, Գալստյանը փաստել է, որ տարածաշրջանային համագործակցությունն ու ինտեգրումը Հայաստանի էներգետիկայի զարգացման կարեւոր խնդիրներից է: 

Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանն անդրադարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Հարավային Կովկասի կարեւորությանը, տարածաշրջանային համագործակցության խթանման գործում էներգետիկայի դերին և էներգետիկ անվտանգության վրա տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությանը: Նրա համոզմամբ՝ էներգետիկ անվտանգությունը սերտորեն առնչվում է ազգային անվտանգության խնդիրների հետ:

Ընդգծելով, որ տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտություն կա՝ պարոն Ջերմանը կարեւորել է տարածաշրջանի երկրների համագործակցությունը էներգետիկ անվտանգությանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում՝ նշելով, որ Հայաստանը դուրս է մնացել Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերից, ինչը անապահովության զգացում է առաջ բերում եւ խախտում կայունությունը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացը նախաձեռնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 2008-ի աշնանը։

2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ --0—