Հայաստանում մեկնարկել է Գյումրիում ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն է մեկնարկել ուրբաթ Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում։
Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։
Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Դատական դեպարտամենտը, դատական նիստը բաց է լինելու, իսկ մուտքը` ազատ։
Հասարակական կարգի և նիստերի դահլիճում ու դրա սահմաններից դուրս մասնակիցների անվտանգության ապահովմամբ զբաղվում են Հայաստանի ոստիկանության ծառայողները և հայ դատական կարգադրիչները։
Հաշվի առնելով դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակ լինելը` ռազմակայանի տարածքում երկու վրան է տեղադրվել, որոնցից մեկը նախատեսված է ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Վրաններում դատական նիստին կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ հատուկ էկրաններով։
Հայաստանի դատական դեպարտամենտում կարծում են, որ արտագնա նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և արդար դատական վարույթի իրավունքի արդյունավետ իրավունքի երաշխիքներ է տալիս։
Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-