Հայաստանի վարչապետի այցը Վրաստան հաստատեց երկրների հարաբերությունների բարեկամական բնույթը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Վրաստան նախևառաջ նպատակաուղղված էր այն բանի հաստատմանը, որ երկու երկրների հարաբերությունները բարեկամական են, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիրակի մեկօրյա այց էր ունեցել Վրաստան, որտեղ Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
«Ինձ թվում է, որ քննարկվել են տնտեսական հարաբերությունները, տրանսպորտի հարցեր։ Մյուս կողմից այդ այցն ուղերձ էր Վրաստանի քաղաքացիներին, ընդդիմությանը, մեր երկրին, մեր տարածաշրջանի երկրներին, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա, և վերջին միջադեպը դրանցում էական փոփոխություններ չի մտցրել», - ասաց Մելիքյանը։
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսեթիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի` մայիսի 3-ի հանդիպումը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների անցկացման շրջանակում պաշտոնական Թբիլիսիի կտրուկ դժգոհությունն էր առաջացրել։ Վրաստանում Հայաստանի դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ, իսկ Երևանում նրա գործընկերը մեծ մտահոգություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը։
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք այցը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հերթական հաստատումն էր, Մելիքյանը նշեց, որ այդ դիրքորոշումը հաստատվել է մի քանի տարի առաջ։ Փորձագետի խոսքով` այցի նպատակը հայ-վրացական տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելն է` հաշվի առնելով երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները։
«Քանի որ մեր առջև նոր մարտահրավերներ են ծառացել` կապված ինտեգրացիոն ընտրության հետ, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, և կան ոլորտներ, որտեղ երկու երկրները պետք է որոշեն իրենց դիրքորոշումները և շահ ունենան», - կարծում է փորձագետը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:58 18.05.2015