Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանը պետք է հստակ որոշի Թուրքիայի փոխհատուցման չափերն ու ձևը. փորձագետ

18.04.2014, 18:34
1915 թ.–ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Հայաստանը պետք է հստակ որոշի Ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի կողմից փոխհատուցման չափերն ու ձևը, հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Հայաստանը պետք է հստակ որոշի Թուրքիայի փոխհատուցման չափերն ու ձևը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. 1915 թ.–ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Հայաստանը պետք է հստակ որոշի Ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի կողմից փոխհատուցման չափերն ու ձևը, հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

«Խնդրի բարոյական կողմից բացի, գոյություն ունեն նաև Թուրքիայի նկատմամբ Հայաստանի նյութական և տարածքային պահանջները։ Այժմ առավել քան երբևէ հրատապ է դրանց քննարկումն ու մանրամասն ուսումնասիրությունը», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` Թուրքիան պետք է պետական մակարդակով փոխհատուցի Հայաստանի վնասը։ Թուրքական դատարանները պետք է սկսեն Հայոց ցեղասպանության հետևանքով տուժածների կամ նրանց իրավահաջորդների դիմումների ընդունումը։ Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանը պետք է պնդի վերադառնալ ստատուս–քվոյի, այսինքն Սևրի պայմանագրի ստորագրման պահին։

1920 թ.–ի նոյեմբերի 22–ին Սևրի պայմանագրի հիման վրա ներկայացվել էր Վիլսոնի հայտնի արբիտրաժային որոշումը, ըստ որի` Հայաստանի կազմում պետք է ներառվեր գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի երկու երրորդ մասը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ինչպես նաև Տրապիզոնի նավահանգիստը։

Այսպիսով, Հայաստանը մուտք էր ստանում դեպի Սև ծով։ Հայաստանին վերադարձնելու ենթակա տարածքները կազմում էին 100 հազ. քառակուսի կմ։ Միավորված Հայաստանը կընդգրկեր 160 հազ. քառակուսի կմ տարածք՝ ներկա 29 հազ. քառակուսի կմ-ի փոխարեն։

Ինստիտուտի տնօրենը կարծում է, որ չնայած որ այդ ուղղությամբ քիչ աշխատանք է տարվել, այժմ հարկավոր է ստեղծել կոնկրետ նախադրյալներ` Թուրքիայի կողմից փոխհատուցման չափերն ու ձևերը որոշելու համար։–0–