Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը

11.04.2014, 15:07
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը, ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը, ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել։ Ցեղասպանությունը դատապարտելու կոչ անող փաստաթղթի օգտին քվեարկել է քսան սենատոր, դեմ` հինգը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին այնպիսի արտաքին քաղաքականության վարել, որը կարտացոլի անպատիժ մնացած Ցեղասպանության` փաստաթղթերով առկա փաստերը։
Փաստաթուղթը շրջանառության մեջ  են դրել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը։

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը»,– ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացրած հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։

«Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին  Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,– նշել է Նալբանդյանը։

Կոմիտեի հավանությունից հետո բանաձևը պետք է քննարկվի Սենատի լիագումար նիստում։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-