Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ՀՀ նախագահը նախաքննության փուլը ոստիկանության ամենաթույլ տեղն է համարում

20.07.2012, 19:04
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել քրեական գործերով կատարվող նախաքննության որակի վերաբերյալ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։  
ՀՀ նախագահը նախաքննության փուլը ոստիկանության ամենաթույլ տեղն է համարում
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել քրեական գործերով կատարվող նախաքննության որակի վերաբերյալ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանության ամենաթույլ տեղը հենց այս ոլորտն է: Եվ այստեղ, անշուշտ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ հանցագործությունների բացահայտման,  դրանց քննության ընթացքում պետք է բացառվեն այնպիսի երևույթներն ու գործելակերպը, որոնք ստվերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության համաիրավական սկզբունքների պատշաճ իրականացումը:

«Ուզում եմ, որ բոլորդ մեկ անգամ ևս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը»,- ասել է  Սարգսյանը։

Նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է նախանշել և մշակել  այն կառուցողական լուծումները, որոնք հնարավորություն կտան արձանագրել առանցքային փոփոխություններ և դրանցից բխող դրական արդյունքներ:

Ընդ որում, պետք չէ միայն ապավինել օրենսդրական կամ կազմակերպական բարեփոխումներին։ Սարգսյանն ընդգծել է, որ փոփոխություն նախ և առաջ ակնկալում է այդ գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործելակերպում և մտածելակերպի մեջ։

«Պետք է փոխել մեր մտածելակերպը: Հատկապես, որ այն կարծրացել է տասնամյակների ընթացքում: Եթե մենք չկարողանանք փոխել մեր և մեր ենթակաների մտածելակերպը, որևէ ուղղությամբ չենք կարող լուրջ հաջողությունների հասնել... Հույս ունեմ, որ կանցնի որոշ ժամանակ, և ձեզնից յուրաքանչյուրը, իրոք, հաճույքով կգա աշխատանքի, ու ցանկացած դրական տեղաշարժ նրա համար կլինի գրեթե երջանկություն: Ահա այսպիսի մոտեցում է մեզ անհրաժեշտ»,- ասել է նա։ -0-