ՀՀ նախագահը Ղազախստանում հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Սարգսյանը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու կարևորությունը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, հսկայական ներուժ ունի։
Կողմերն ընդգծել են, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկու բարեկամ երկրներն ավելի խորը և փոխշահավետ համագործակցություն ունենան: -0-