ՀՀ փոխխոսնակն Անկարային մեղադրել է ռասիզմը և հայատյացությունը խրախուսելու մեջ
12.09.2012,
16:43
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Բաքվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի արած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. Անկարային մեղադրել է ռասիզմը և հայատյացությունը խրախուսելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Բաքվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի արած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. Անկարային մեղադրել է ռասիզմը և հայատյացությունը խրախուսելու մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաամտեղ մամուլի ասուլիսում Էրդողանը պաշտպանեց Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում՝ հայտարարելով, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև դրա կարգավորումը։
«Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան, ինչպես նաև բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, քննադատեցին և դատապարտեցին Ադրբեջանի անմարդկային և անբարոյական քայլը (2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արդարացումը – խմբ.), Թուրքիայի վարչապետը սատարում է Ադրբեջանին և հրապարակավ հայտարարում դրա մասին»,– ասաց Շարմազանովը։
Ըստ նրա՝ դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիայի վարչապետի հայտարարություններն ապացուցում են, որ ի դեմս նրա՝ միջազգային հանրությունը բախվում է մի երկրի, որը բացահայտ սատարում է ռասիզմը և հայատյացությունը։
«Պարզ է դառնում, թե ինչու է հանցագործ Սաֆարովը տարբեր գործիքների կիրառմամբ մարդկանց սպանելու տարբեր հմտություններ ձեռք բերել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ռազմակայանում»,– ընդգծեց փոխխոսնակը։
«Կարծում եմ` Անկարան և Բաքուն չեն մոռացել, որ չնայած ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված լուրջ օժանդակությանը, արցախահայերը հաղթեցին` ապացուցելով ազատ և անկախ երկրում ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց վճռականությունը»,– ավելացրեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-