Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ ՍԴ-ն մերժեց նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին հայցերը

14.03.2013, 20:23
Հայաստանի Սահմանադրական դատարանը հինգշաբթի մերժեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերը` փետրվարի 18–ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
ՀՀ ՍԴ-ն մերժեց նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին հայցերը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Սահմանադրական դատարանը հինգշաբթի մերժեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերը` փետրվարի 18–ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

ՍԴ–ն հայցերի քննարկումը սկսել է մարտի 11–ին։ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պաշտոնական տվյալներով` ընտրություններին հավաքել է 36.74 տոկոս քվե, և քաղաքագետ, Radio Hay–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը (0.57%) պահանջել էին անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները` հայտարարելով բազմաթիվ ընտրախախտումների մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանդես գալով որպես պատասխանող, հերքել է առաջադրված մեղադրանքները։

ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Հանձնաժողովն իր որոշումներն ու գործողությունները միանգամայն իրավաչափ է համարում` նշելով, որ հայցադիմումներում բացակայում են ծանրակշիռ հանգամանքները, որոնք կարող էին կասկածի տակ առնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները։

Սահմանադրական դատարանի որոշման մեջ, որը կարդաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, նշվում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչները հնարավորություն ունեին վերահսկել քվեարկության ընթացքը և բողոքարկել դրանց արդյունքները, սակայն նրանք չեն օգտվել պատշաճ ժամկետներում բողոքարկելու իրավունքից։

Մասնավորապես` փաստաթղթում նշվում է, որ 1988 ընտրատեղամասերից միայն մեկում «Ժառանգության» ներկայացուցիչը հատուկ կարծիք է ներկայացրել, որը մտցվել է ամփոփիչ արձանագրության մեջ, բացի այդ, 40 գրառում է կատարվել համապատասխան մատյանում և 12 բողոք է ներկայացվել քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Բոլոր տեղամասերում կուսակցության ներկայացուցիչները ստորագրել են արձանագրությունների տակ։

Միաժամանակ «Ժառանգությունն» իր ներկայացուցիչներն է ունեցել 1884 ընտրական հանձնաժողովներում, իսկ կուսակցության առաջնորդ Հովհաննիսյանն ունեցել է 1009 վստահված անձ։

ՍԴ որոշման մեջ նշվում է նաև, որ ընտրական հանձնաժողովներում ներառվել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` իշխող կոալիցիայի մեջ չմտնող երեք այլ կուսակցություններից։

Մասնավորապես, ԲՀԿ-ն ուներ 1905 ներկայացուցիչ, ՀՅԴ-ն` 1909, ՀԱԿ-ը 1481։

Այդուհանդերձ, ՍԴ-ն անվավեր ճանաչեց քվեարկության արդյունքները մեկ ընտրատեղամասում` 17/05 (Արտաշատում)` առաջարկելով այդ տեղամասի նյութերն ուղարկել դատախազություն։

Հարությունյանը նշեց, որ ՍԴ որոշումը կհրապարակվի երկուշաբթի և կուղարկվի դատավարության բոլոր մասնակիցներին։

Փետրվարի 25–ին հրապարակված ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 58,64%–ը։ Հովհաննիսյանը հավաքել է ձայների 36,74%։

Հովհաննիսյանը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր է կազմակերպում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, իսկ մարտի 10-ից հացադուլ է հայտարարել։ –0–