Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել․ Փաշինյանի մամուլի խոսնակ

31.07.2025, 13:03
Նա նշել է, որ ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշման վերաբերյալ
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել․ Փաշինյանի մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է։ Այլ բան, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը։ Բայց սա քննարկվող թեմայի հետ կապ չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-երի հրապարակումներին։

Բաղդասարյանը նշել է, որ հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, և լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում։

«Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք երբեմն ավելի են բարդանում որոշակի տերմիններով զուգորդվելու դեպքում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման իրավունք, արտապատվիրակում։ Տերմիններից յուրաքանչյուրն, անշուշտ, կարող է տարբեր իմաստ ունենալ՝ կապված այն բանի հետ, թե կոնկրետ ինչին է վերաբերում»,-հստակեցրել է նա։

Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

«Եվ, ընդհակառակը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն քննարկում է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների շահագործման տարբեր բանաձևեր, այլև շահագրգիռ է բանաձևերից որևէ մեկի շուրջ համաձայնության գալու հարցում։ ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձևերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձևեր, կառուցապատման իրավունքներ և այլն, որոնց մասին վարչապետ Փաշինյանը խոսել է հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում»,-նշել է նա։