ՀՀ առաջին նախագահը պատմել է ներկայիս նախագահի հետ հանդիպման պատճառի մասին

ՀՀ առաջին նախագահը պատմել է ներկայիս նախագահի հետ հանդիպման պատճառի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ilur.am պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու և ինչ հանգամանքների բերումով է առաջարկել նախագահ Սերժ Սարգսյանին քննարկել ղարաբաղյան խնդիրը:

Ապրիլի 9-ին Տեր-Պետրոսյանի տանը կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակամարտության սրման հետ կապված հարցերը:


«Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ», - ասել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, նա ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանին ուղարկել է ձեռագիր նամակ, որում, մասնավորապես, ասվում էր. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։

Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։

Որպես քարոզչական հնարքներ` այդ գաղափարները, թերևս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետևանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։

Տեր-Պետրոսյանի խոսքով, քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը մեկնելու էր Գերմանիա, վերջինս հեռախոսով պատասխանեց, որ հանդիպումը կկայանա նրա վերադարձից հետո: Ինչը և տեղի ունեցավ։


Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:41 11.04.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×